ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական կրթություն
  Միջնակարգ կրթություն
Հատուկ կրթություն
Արտադպրոցական դաստիարակություն
Աղետների ռիսկի նվազեցման կրթություն
Տարակարգ ստացած ուսուցիչներ
Ավարտական քննություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ  



Հավելված 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
………………………..
որոշման
 
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ
 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականին և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը:
Սույն ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։ Ծրագրի ընդունումը կարևոր է, քանի որ ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը։ Ինչպես նշված է «Հանրակրթության պետական կրթակարգում», ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն:
Ծրագիրը նկարագրում է առանձին գործող ավագ դպրոցների համակարգը և դրան անցման ռազմավարությունը: Ծրագիրը նպատակաուղղված է լուծում տալու ավագ դպրոցի առջև ծառացած խնդիրներին։
 
1.      ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑի ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
 
Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն:
Ելնելով ՀՀ «Կրթության մասին» օրենքի պահանջներից` Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունը ներկայումս իրականացվում է եռաստիճան դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով.
  • տարրական դպրոց
  • միջին դպրոց
  • ավագ դպրոց:
Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները, որոնք կազմում են հիմնական դպրոցը, պարտադիր են: Ավագ դպրոցը (միջնակարգ դպրոցի ավագ դասարանները, առանձին գործող ավագ դպրոցը, համապատասխան կրթական ծրագիրը) հանդիսանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանը, որը թեև անվճար է, բայց պարտադիր չէ։
Ներկայումս հանրապետությունում գործում է 1329 պետական միջնակարգ ընդհանուր դպրոց, որոնցից 10-ը՝ տարրական, 151-ը՝ հիմնական և 1168-ը` միջնակարգ: Գործում են նաև 34 վարժարան և 14 արհեստագործական դպրոցներ: Հանրակրթական հաստատություններում սովորում են 465 403 աշակերտ, որոնցից 102977-ը կամ սովորողների ընդհանուր թվի մոտ 22.13%-ը` ավագ դպրոցում ։
1990-ական թվականներից, որպես ավագ դպրոց, ստեղծվել են վարժարաններ, բայց ներկայումս դրանք ընդունելություն են կազմակարպում 6-7-րդ դասարաններից։ Վարժարանների իրականացրած կրթական ծրագրերն ունեն հոսքային ուղղվածություն (ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար և այլն)։ Հոսքային ուսուցում իրականացվում է նաև որոշ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում։
Ավագ դպրոցի ծրագիր իրականացվում է նաև 44 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Ներկայումս ավագ դպրոցում իրականացվում են երկամյա ուսումնական ծրագրեր` տասնամյա դպրոցի ծրագրով։ Ըստ ուսումնական պլանի սովորողների թիվը ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում 25-30 սովորող է։ Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, ինչը թույլ է տալիս դպրոցում իրականացնել ուսուցման տարբեր՝ ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար, տնտեսագիտական և այլ ծրագրեր։ Միջնակարգ հանրակրթական դպրոցի և տարբերակված (հոսքային) ուսուցում կազմակերպող ավագ դպրոցի (վարժարան, արհեստագործական դպրոց և այլն) օրինակելի ուսումնական պլանը 9-րդ դասարանում ընդգրկում է շաբաթական 36, իսկ 10-րդ դասարանում՝ 35 դասաժամ։
Ներկայումս հիմնական դպրոցի շրջանավարտների 90%-ից ավելին օգտվում են կրթությունը շարունակելու իրենց իրավունքից և դիմում են ավագ դպրոց։
Կրթության որակի ապահովման խնդիրը առանձնապես կարևորվում է ավագ դպրոցում, որը հանդիսանում է մասնագիտական կրթության նախաշեմը։
Կրթության որակի վերահսկողության և գնահատման, ինչպես նաև որակի ապահովման համակարգված, գործուն համակարգերը դեռ նոր են ձևավորվում, ուստի որակի մասին կարելի է դատել հասարակությունում առկա գնահատականներից և իրողություններից, դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունների արդյունքներից և այլն։ Այսպես, ծնողների գերակշիռ մասը չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում են կրկնուսույցներին՝ բուհական ընդունելության շրջանում մասնավոր պարապմունքների արդյունքում ակնկալելով բարձր գնահատականներ։ Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև` հաճախակի բացակայում են դասերից:
Յուրաքանչյուր տարի պետական բուհերը ունենում են շուրջ 12500 դիմորդներ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ 6000-ը։ Բուհերի դիմորդների մոտ 8%-ը տվյալ տարվա շրջանավարտներ չեն։ Բուհում ուսումնառությունը շարունակում են դիմորդ շրջանավարտների միայն 60%-ը, իսկ ընդունելության քննության նվազագույն 8 միավորանոց շեմը չի հաղթահարում դիմորդների մոտ 25%-ը և թիվը աճելու միտում ունի (հաշվարկների արդյունքները ներկայացված են միջինացված տեսքով)։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների մոտ մրցույթը անվճար տեղերի համար է և, սովորաբար, բոլոր դիմորդները ընդունվում են։ Մարզերի ավագ դպրոցներում ուսման ցածր մակարդակի և բարձրագույն կրթության ցածր մատչելիության մասին է խոսում նաև այն փաստը, որ ՀՀ մարզերի շրջանավարտների միայն 20%-ն է դիմում բուհ, ընդ որում` այդ թիվն ունի նվազելու միտում ։ Երևան քաղաքից բուհ են դիմում շրջանավարտների 40%-ը։
Դրա հետ մեկտեղ կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են.
ա) ապահովելու որակյալ կրթություն
բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը
գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին։
Այդ բարեփոխումների շրջանակներում 2004 թվականին ընդունվել են «Հանրակրթության պետական կրթակարգը» և «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» և 2006 թվականի սեպտեմբերի 1-ից սկսվել է անցումը 12-ամյա կրթության։
Ներկայումս հանրակրթական համակարգում և, մասնավորապես, ավագ դպրոցում առկա հիմնախնդիրները ամփոփված են ստորև բերված կետերում.
ա) գործող ուսումնական պլանը ճկուն չէ, այն թույլ չի տալիս սովորողին լիարժեք բավարարել իր հետաքրքրությունները և կատարել առարկաների ընտրություն ըստ իր նախասիրությունների և պահանջմունքների։
բ) դպրոցի կողմից տրված ուսումնական և բուհական ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների անհամապատասխանությունը բերում է կրթությունը շարունակելու բարդության։
գ) ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը բավարար չէ որակյալ ավագ կրթություն ապահովելու համար։ Միջնակարգ դպրոցներում միջին և ավագ դասարանների ուսուցիչները հիմնականում նույն անձինք են։ Հիմնական և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող պահանջները նույնն են։ Ավագ դասարաններում հաճախ դասավանդում են ուսուցիչներ, որոնք չունեն մասնագիտական բարձր որակավորում։
դ) Առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների սակավաթվության պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետևաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալ մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրները, բայց դրանք չեն կարող բավարարել պահանջարկը։
ե) Հանրակրթության բոլոր մակարդակներում մեկ սովորողի հաշվով ֆինանսավորումը նույնն է, չնայած նրան, որ որքան բարձրանում է կրթության աստիճանը, այդքան ավելի շատ ֆինանսական միջոցներ են պահանջվում։
զ) Ավագ դպրոցում, ավելին քան դպրոցի այլ աստիճաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են:
է) Ավագ դպրոցներն այսօր մեծամասնորեն չեն իրականացնում հոսքային ուսուցում՝ տնտեսագիտական, իրավագիտական, արվեստի, ռազմագիտական, մարզական և այլ հոսքերի ուսուցում։ Իր ուսումնական խնդիրներով ավագ դպրոցը այսօր քիչ է տարբերվում հիմնական դպրոցից։
Թվարկված հիմնախնդիրներից կարելի է եզրակացնել, որ այսօր ավագ դպրոցը չի իրականացնում իր հիմնական նպատակը՝ մասնագիտական կողմնորոշում և նախնական մասնագիտական կրթություն տալը։
Ուստի, առավել արդյունավետ է ստեղծել առանձին գործող ավագ դպրոցների համակարգ՝ ապահովված համապատասխան ֆինանսավորմամբ, մանկավարժական կադրերով, նյութատեխնիկական բազայով, որտեղ կառաջարկվի կրթական ծրագրերի բազմազանություն։
 
2.      ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
 
Հանրակրթության պետական կրթակարգի հիմնական նպատակներն են կրթության որակի ապահովումը և հանրակրթական համակարգի համապատասխանեցումը պետական զարգացման ներկա միտումներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Նոր կրթակարգի ներդրումը և անցումը հանրակրթության 12-ամյա ծրագրին սկսվել է 2006 թվականին։ Դրան համապատասխան հաստատվել է միջնակարգ կրթության նոր չափորոշիչը, վերանայվում են առարկայական ծրագրերն ու դասագրքերը:
12-ամյա կրթակարգի առանցքային ուղղություններից մեկը եռամյա ավագ դպրոցի կայացումն է՝ ներառյալ ավագ դպրոցների կազմակերպական ձևերն ու սկզբունքները: Ավագ դպրոցների ցանցի ստեղծումը հնարավորություն կտա հաղթահարել համակարգում առկա հիմնախնդիրները, ձևավորել սովորողի անձի զարգացմանը նպաստող կրթական միջավայր, կենտրոնացնել առկա ռեսուրսները և առավել արդյունավետ տնօրինել դրանք:
Ավագ դպրոցների ինստիտուցիոնալ բարեփոխումների, առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ձևավորման և դրանցում կրթության կազմակերպման հիմնական մոտեցումները կյանքի կկոչվեն սույն ծրագրի իրականացման շնորհիվ։ Այս բարեփոխումների հիմնական նպատակներն են.
ա) բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը,
բ) ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն։ Այդ նպատակով ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին։
գ) կատարելագործել ավագ դպրոցների իստիտուցիոնալ համակարգը՝ նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը։
 
3. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
 
Ավագ դպրոցի առաքելությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև: Ուստի, ավագ դպրոցի առաքելության հարցը նպատակահարմար է քննել հիմնական կրթության հետ համադրված, քանի որ դրանք կազմում են հանրակրթության հաջորդական բաղադրիչները:
Հայաստանի Հանրապետությունում որպես պարտադիր կրթության նվազագույն աստիճան սահմանված է հիմնական ընդհանուր կրթությունը: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ սովորողների որոշ հատված կարող է հիմնական կրթությունից հետո հեռանալ կրթության համակարգից և սկսել ինքնուրույն կյանք: Հետևաբար, հիմնական կրթության առաջին առաքելությունը պետք է լինի սովորողներին ինքնուրույն կյանքին նախապատրաստելը:
Միաժամանակ, պետական քաղաքականությունը նպաստում է, որ սովորողների մեծ մասը հնարավորություն ունենա շարունակել կրթությունը` ստանալով առնվազն նախնական մասնագիտական կրթություն, կամ ձգտի ստանալ միջին և բարձրագույն կրթություն: Ուստի, հիմնական կրթության առաքելության առանցքային ուղղվածությունը պետք է լինի ըստ ընդունակությունների և կարողությունների սովորողների մասնագիտական կողմնորոշումը և հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար բավարար հիմքերի ստեղծումը:
Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:
Հիմնական կրթության այն շրջանավարտները, որոնք չեն ձգտում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ, կամ չեն ունեցել բավարար առաջադիմություն հիմնական դպրոցում, պետք է հնարավորություն ունենան ստանալու գոնե նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, միաժամանակ չկորցնելով միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, կամ ուսումը շարունակել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ավագ դպրոցի շրջանավարտների որոշ մասը չի կարողանա կամ չի ցանկանա շարունակել կրթությունը բուհում: Նրանց այլընտրանքը կարող է լինել միջին մասնագիտական կրթությունը կամ ելքը դեպի աշխատանքի շուկա: Նկատի ունենալով, որ միջին մասնագիտական կրթության ծավալները սահմանափակ են, ավագ դպրոցը պետք է ապահովի նաև որոշակի նախնական մասնագիտական պատրաստվածություն։
Ուսուցումն ավագ դպրոցում, ունենալով մասնագիտական կողմնորոշվածություն, միաժամանակ պետք է հնարավոր ճկունություն ապահովի, որպեսզի սովորողներն իրենց հավակնությունների և նախասիրությունների փոփոխության, ինչպես նաև ուսուցման ընթացքի արդյունքներից ելնելով հնարավորություն ունենան վերակողմնորոշվելու: Նման ճկունություն ապահովելու նպատակով ավագ դպրոցում կրթության մասնագիտական շեշտվածությունը պետք է աճի աստիճանաբար` դասարանից դասարան:
Այսպիսով, ավագ դպրոցի առաքելությունն է ապահովել.
-         սովորողների պատրաստվածությունը ինքնուրույն կյանք վարելու,
-         իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։
 
4. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
 
Կրթական ծրագիրը դպրոցի առաքելությանը համապատասխան և չափորոշիչներով սահմանված նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց ուսուցման կազմակերպական ձևերի ու մեթոդների ամբողջությունն է: Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանվել են ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլաններ, ընդ որում, երաշխավորվում են հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական տարբերակված հոսքերը: Յուրաքանչյուր դպրոց, ըստ իր հնարավորությունների ու պայմանների, կարող է ընտրել նշված հոսքերից մեկը կամ մի քանիսը: Երաշխավորված ցանկից դուրս այլ հոսք կարող է կազմակերպվել ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ:
Առանձին գործող ավագ դպրոցներում նախատեսվում է իրականացնել տարբերակված հոսքային (մասնագիտացված) կրթություն: Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանված երաշխավորված հոսքերի ցանկը սույն ծրագրի շրջանակներում, կիրառական նպատակներից ելնելով, առաջարկվում է դասակարգել հետևյալ խմբերի.
·        հիմնական - բնագիտական, հումանիտար (հասարակագիտական) և արհեստագործական,
·        լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական,
·        ենթահոսքեր–որոնք հանդիսանում են նախորդների նեղ մասնագիտացված ենթահոսքերը:
·        ընդհանուր:
Առավել տարածված ավագ դպրոցները և իրականացվող կրթական ծրագրերը կլինեն հիմնական հոսքերի ծրագրերը, որոնք մասնագիտական առավել լայն ուղղվածություն ունեն և սովորողներին ընտրության ավելի մեծ հնարավորություններ են տալիս: Լրացուցիչ և նեղ մասնագիտացված հոսքային ծրագրեր իրականացնող դպրոցների թիվը սահմանափակ կլինի` կախված դրանց պահանջարկից: Նման հաստատությունները հիմնականում կտեղակայվեն մեծ քաղաքներում և կունենան սպասարկման ավելի մեծ շառավիղ, քան նախորդները:
Համաձայն Միջնակարգ կրթության պետական չափորոշչի (ՀՀ կառավարության 17.06.2004թ. հ. 900-Ն որոշում), ավագ դպրոցի կրթական ծրագիրը (հենքային ուսումնական պլանը) ներառում է 3x1156=3468 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, որից հոսքային ուսուցման դեպքում 2142 ժամը նախատեսված է պետական բաղադրիչի (համընդհանուր պարտադիր), 1122-ը` հոսքային առարկաների և 204-ը` ընտրովի առարկաների համար: Դասաժամերի բաշխման հարաբերակցությունը դասարանից դասարան չի փոխվում, և միայն ավարտական դասարանի 2-րդ կիսամյակում նախատեսվում է պետական և դպրոցական բաղադրիչներով նախատասված դասաժամերը տրամադրել պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվություններին և քննությունների անցկացմանը:
Առանձին գործող ավագ դպրոցների կրթական ծրագիրն առավել ճկուն և նպատակաուղղված դարձնելու նպատակով առաջարկվում է ավագ դպրոցի ուսումնական պլաններում ներառված առարկաները դասակարգել հետևյալ խմբերի` մասնագիտական (հոսքային), հանրակրթական և լրացուցիչ, իսկ ընդհանուր ժամաքանակը դրանց միջև բաշխել հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ` 10-րդ դասարանում – 27/62/11, 11-րդ դասարանում – 44.5/44.5/11 և 12-րդ դասարանում – 71/18/11:
Շաբաթական ժամաքանակներով արտահայտված ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանը տրված է աղյուսակ 1-ում.
Աղյուսակ 1.

Առարկաներ
X
XI
XII
Ընդամենը
Հոսքային
9
15
24
48
Հանրակրթական
21
15
6
42
Լրացուցիչ
4
4
4
12
Ընդամենը
34
34
34
102

 
Հոսքային առարկաների ցանկը որոշվում է հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ առարկաներով, իսկ հանրակրթական առարկաների ցանկը պետք է պարունակի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով» սահմանված ուսումնական բնագավառներից յուրաքանչյուրից առնվազն 1 առարկա:
Դպրոցը, որպես կանոն, յուրաքանչյուր ուսումնական բնագավառի համար ինքնուրույն ընտրության սկզբունքով պետք է առաջարկի իր հոսքին համապատասխան հոսքային (տարբերակված), հանրակրթական և լրացուցիչ առարկայական ծրագրեր (օրինակ` «Մաթեմատիկա-1» – հոսքային, «Մաթեմատիկա-2» – հանրակրթական, «Տրամաբանություն» - լրացուցիչ):
Սովորողը պարտավոր է ուսանել ուսումնական յուրաքանչյուր բնագավառի առնվազն 1 հանրակրթական կամ 1 մասնագիտական առարկա: Այսինքն, եթե սովորողն ընտրել է որևէ ուսումնական բնագավառի առարկայի հոսքային ծրագիրը, ապա նա համապատասխան բնագավառի հանրակրթական ծրագրով այլ առարկա ուսանելու անհրաժեշտություն չունի: Միաժամանակ, սովորողը պարտավոր է ուսանել առնվազն 3 առարկա հոսքային ծրագրով: Սովորողի շաբաթական պարտադիր նվազագույն ուսումնական ծանրաբեռնվածությունը սահմանվում է 30 ժամ, առավելագույն թույլատրելին՝ 34 ժամ: Սահմանվածից ավելի ժամաքանակ կարող է նախատեսվել ՀՀ ԿԳ նախարարության կողմից՝ համաձայնեցված ՀՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։
Լրացուցիչ առարկաները նպատակաուղղված են ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախապատրաստելուն: Առանձին գործող ավագ դպրոցների կայացմանը զուգընթաց որոշ ընդհանուր մասնագիտական դասընթացներ, որոնք այժմ դասավանդվում են բուհի (կամ այլ մասնագիտական կրթական հաստատության) առաջին կուրսերում, կարող են դասավանդվել ավագ դպրոցում` որպես լրացուցիչ առարկաներ: Հեռանկարում կարող է նախատեսվել այնպիսի մեխանիզմ, որ այդ առարկաների ուսումնառությունը (հավաքած ուսումնական կրեդիտները) ճանաչվի բուհի կողմից: Լրացուցիչ ժամաքանակի շրջանակում սովորողն ազատ է ընտրելու առարկաներ լրացուցիչ հանրակրթական առարկայացանկից:
Ավագ դպրոցի առարկայական չափորոշիչները և առարկայացանկերը հաստատում է նախարարությունը: Դպրոցը մշակում է համապատասխան առարկայական ծրագրերը կամ առաջնորդվում է նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով: Դպրոցի մշակած ծրագրերի համապատասխանությունը առարկայական չափորոշիչներին վերահսկում է նախարարությունը:
Որպես կանոն, ավագ դպրոցում պետք է իրականացվեն հիմնական կրթական ծրագրի մի քանի ենթածրագրեր` հնարավորություն ստեղծելով ուսուցումն առավել համապատասխանեցնելու սովորողների նախասիրություններին: Միաժամանակ, դպրոցի ուսումնական պլանը պետք է ապահովի որոշակի ճկունություն, որպեսզի, եթե ուսումնառության ընթացքում սովորողի նախասիրությունները փոխվեն, նա հնարավորություն ունենա համապատասխան մասնագիտական առարկաների դասընթացներ ստանալ:
Արհեստագործական ավագ դպրոցների շրջանավարտները, բացի միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթից, կստանան նաև համապատասխան որակավորում:
Բացի արհեստագործական ավագ դպրոցի ծրագրի իրականացումից, նախատեսվում է նաև 1-ամյա արհեստագործական ուսուցման ծրագիր՝ առանց միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու իրավունքի, քանի որ այն չի ներառի հանրակրթական առարկայացանկը: Այս ծրագիրն ավարտողները կստանան միայն արհեստագործական նվազագույն որակավորում, ինչը նրանց հնարավորություն կտա զբաղվել աշխատանքային գործունեությամբ:
Սույն ծրագրին կցվում են ավագ դպրոցի առարկայացանկի և օրինակելի ուսումնական պլանի նախնական տարբերակներ, որոնք ծառայում են որպես փորձնական նմուշ և ենթակա են վերանայման փորձարկման արդյունքում (աղյուսակներ 2; 3):
 
5. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 
Առանձին գործող ավագ դպրոցը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատության տարատեսակ և դրա կազմակերպաիրավական ձևերը, ենթակայությունը և կառավարման համակարգը որոշվում են հանրակրթական հաստատությունների համար սահմանված կարգով:
Յուրաքանչյուր դպրոցի «բովանդակային» ուղղվածությունը (տեսակը) որոշվում է իրականացվող կրթական ծրագրով (ծրագրերով): Դպրոցի կողմից իրականացվող կրթական ծրագրերը սահմանվում են դպրոցի հիմնադրի կողմից և ամրագրվում դպրոցի կանոնադրությամբ: Համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար ուսումնական հաստատությունը պարտավոր է ստանալ լիցենզիա (արտոնագիր), որի հետ կապված վճարումների ծախսերը կիրականացվեն դպրոցների միջոցների հաշվին:
Այն բնակավայրերում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, այն շարունակում է գործել նույն կարգով` իրականացնելով  ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր:
Մեկից ավելի միջնակարգ դպրոց ունեցող բնակավայրերում  հիմնադրվում (կազմավորվում) են կրթահամալիրներ կամ ավագ դպրոցներ` որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ: Ստեղված ավագ դպրոցներն իրականացնում են մասնագիտական հոսքային կրթական ծրագրեր:
Հաշվի առնելով մարզային առաջնայնությունները, տարածքային կամ ավանդույթային առանձնահատկությունները, բավարար աշակերտական համակազմի առկայության դեպքում, մարզերում և Երևանում կարող են ստեղծվել «նեղ մասնագիտացված» կրթական ծրագիր/ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ (օրինակ` ֆիզիկա-մաթեմատիկական, օտար լեզուների, արվեստի, ռազմամարզական և այլն): Նման դպրոցների սպասարկման տարածքը կարող է ընդգրկել ինչպես մի քանի կրթական գոտիներ, մարզեր այնպես էլ ամբողջ հանրապետությունը:
Նախատեսվում է ավագ դպրոցների համակարգը կազմավորել ներկայումս գործող հանրակրթական դպրոցների և առաջին հերթին` գործող վարժարանների հիմքի վրա, իսկ ընտրությունը կատարել հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները.
-         դպրոցի աշխարհագրական դիրքը և հասանելիության աստիճանը տվյալ գոտու սովորողների համար,
-         դպրոցական շենքի վիճակը և հարմարությունները,
-         դպրոցի ուսումնանյութական հագեցվածությունը,
-         կադրերի պատրաստվածությունը,
-         դպրոցի ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացներում և հաջողությունները նոր նախաձեռնություններում:
Պետությունը խրախուսում է մասնավոր ավագ դպրոցների ստեղծումը, որի ծրագրերը և ուսումնական պլանները հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:
6.     ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
Ավագ դպրոցի ընդունելությունն իրականացվում է ամեն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, սովորողների դիմումների հիման վրա: Ավագ դպրոց կարող են ընդունվել հիմնական դպրոցն ավարտած շրջանավարտները:
Հիմնական հոսքային ծրագրեր (բնագիտական, հասարակագիտական, արհեստագործական) իրականացնող ավագ դպրոցներում սովորողների ընդունելությունն իրականացվում է առանց սահմանափակումների: Հանրապետական կամ մարզային նշանակության ավագ դպրոցներում, որտեղ իրականացվում են «նեղ մասնագիտացված» կամ լրացուցիչ հոսքերի կրթական ծրագրեր, ընդունելությունը կարող է իրականացվել ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կարգով:
Աշակերտների դիմումների ընդունելության ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի հրամանով (խորհրդի որոշմամբ) ստեղծվում է մանկավարժներից կազմված, հասարակական հիմունքներով աշխատող, խորհրդատուների խումբ, որն աշխատում է դիմորդների հետ, ծանոթացնում կարգին ու պայմաններին, աջակցում նրանց` ընտրելու համապատասխան հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ առարկայական ծրագրերը։
Յուրաքանչուր կրթական գոտում ընդունելության ժամանակ առաջնայնությունը տրվում է այդ գոտում բնակվող դիմորդներին, եթե այլ կրթական գոտիներում ևս կան համապատասխան հոսքերով ավագ դպրոցներ։ Եթե տվյալ գոտում դիմորդների ընդունելությունից հետո դպրոցում մնում են թափուր տեղեր, ապա դպրոցը կարող է ընդունել դիմորդներ այլ գոտիներից:
Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների համար գործելու են հանրապետական նշանակության ավագ դպրոցներ, որտեղ սովորողների ընդունելությունը իրականացվելու է ոչ թե ըստ բնակության վայրի, այլ նրանց ընդունակությունների, հիմնական դպրոցում ցուցաբերած առաջադիմության և կամ մրցույթի արդյունքների հիման վրա (մրցույթի կարգը սահմանում է ՀՀ ԿԳ նախարարությունը)։
Սովորողն ուսումնառության ընթացքում իրավունք ունի փոխել նախապես ընտրած հոսքը: Սովորողների տեղափոխությունը այլ հոսք (այդ թվում` այլ դպրոց) թույլատրվում է առաջին 1.5 ուսումնական տարվա ընթացքում։ Ուսումնառության 2-րդ տարվա ընթացքում թույլատրվում է միայն ենթահոսքի փոփոխություն: 3-րդ տարվա ընթացքում, որպես կանոն, սովորողների տեղափոխություն չի իրականացվում։
Առանձին գործող ավագ դպրոցում ուսումնառության 1-ին և 2-րդ տարիներին հաստատությունը իրավունք ունի կազմակերպել տարեվերջյան քննություններ։ Հաջորդ դասարան տեղափոխվում են միայն այն աշակերտները, որոնք ունեն բավարար առաջադիմություն։ Այն սովորողները, որոնք տարեկան գնահատականի ամփոփումից հետո ունեն անբավարար գնահատական ոչ ավելի քան երկու հանրակրթական առարկաներից տեղափոխվում են հաջորդ դասարան, բայց պարտադրված պետք է կրկնեն այն դասընթացը կամ դասընթացները, որոնք չեն յուրացրել (վերջինս չի վերաբերվում ընտրովի առարկաներին)։ Հաջորդ դասարանում այն սովորողներին, որոնց առաջադիմությունը ավելի ցածր կլինի, հնարավորություն է տրվում տեղափոխվել և ավարտել արհեստագործական ավագ դպրոցի մեկամյա ծրագիրը։ Այս հնարավորությունից հրաժարվող սովորողները, ինչպես նաև այն սովորողները, ովքեր երկու անգամ կունենան անբավարար առաջադիմություն, դուրս են մնում ավագ դպրոցի ծրագրից։ Ավարտական դասարանում աշակերտները հանձնում են ավարտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանված կարգով։ Քննությունների և տարեկան գնահատականների հիման վրա շրջանավարտներին տրվում է ավարտական փաստաթուղթ, որը հավաստում է ավագ դպրոցի կրթական ծրագիրն ավարտելը: Ավարտական փաստաթղթում նշվում են անցած առարկաները, դրանց ժամաքանակները և ստացած ամփոփիչ գնահատականները։ Ընտրովի առարկաների գնահատականները, անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց, նույնպես ընդգրկվում են ավարտական փաստաթղթում։
Ավագ դպրոցներում սահմանվում է հնգօրյա ուսումնական շաբաթ, 8 ժամյա աշխատանքային օրով։
Մեկ օրվա ընթացքում աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել 7 դասաժամ։ Կախված առարկաներից, ավագ դպրոցում դասերը կազմակերպվում են տարբեր խտությամբ խմբերով.
    • մասնագիտական առարկաների դասերին` 12-15 սովորող,
    • հանրակրթական և լրացուցիչ առարկաների դասերին` 25-30 սովորող,
    • լրացուցիչ դասընթացները կարող են իրականացվել նաև անհատական ուսուցման ձևով` խորհրդատու ուսուցչի ղեկավարությամբ։
Դասերի ավարտից հետո սովորողները կարող են կատարել իրենց տրված հանձնարարությունները (ինքնուրույն աշխատանքի ձևով) դպրոցում։
Նոր ստեղծվող ավագ դպրոցների արդյունավետության ապահովման կարևորագույն գործոնը մանկավարժական կադրերով ապահովվածությունն է: Ենթադրվում է, որ ավագ դպրոցներում աշխատող մանկավարժները, հատկապես մասնագիտական առարկաներ դասավանդող, պետք է բարձր որակավորում և համապատասխան պատրաստվածություն ունենան:
Այդ նպատակով դպրոցների մանկավարժական կադրերով ապահովումը պետք է իրականացվի մրցութային կարգով և ընտրված ուսուցիչների համար պետության պատվերով և լիազորված կազմակերպության միջոցով պետք է պարբերաբար կազմակերպվեն որակավորման բարձրացման դասընթացներ: Դասընթացներն ավարտած մանկավարժներին կտրվի համապատասխան դասընթաց վարելու թույլտվություն` որակավորման վկայագիր:
Նպատակահարմար է, որ մանկավարժական բուհերում նույնպես ներդրվեն ավագ դպրոցների մասնկավարժների պատրաստման մագիստրատական ծրագրեր:
Առանձին գործող ավագ դպրոցը պետք է տեղակայված լինի գործող քաղաքաշինական նորմերին բավարարող առանձին շենքում: Դպրոցը պետք է ապահովված լինի ուսումնական նյութերով և սարքավորումներով հագեցած համապատասխան կաբինետներով, լաբորատորիաներով և արհեստանոցներով, ունենա համակարգչային լսարան և ինտերնետային կապ, հարուստ ուսումնական, ներառյալ էլեկտրոնային, գրականություն ունեցող գրադարան:
 
7.     ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
 
Ավագ դպրոցի ֆինանսավորումն իրականացվելու է ներկայումս գործող սկզբունքներով. դպրոցի հատկացումը կատարվելու է ամբողջական գումարով և հաշվարկվելու է աշակերտների թվի վրա հիմնված բանաձևով: Հատկացումից հետո դպրոցի ֆիանանսական միջոցների կառավարման ողջ իրավասությունը և պատասխանատվությունը այդուհետ փոխանցվում է դպրոցի տնօրենին, որը սահմանաված կարգով տնօրինում է հաստատության ֆինանսական միջոցները:
Ավագ դպրոցի ֆինանսավորումը հիմնված կլինիը կարող է  հիմնված է լինելու նպաստավոր ֆինանսական համակարգի տարրերի ներմուծման վրա, որոնց հիմքում ընկած են լինելու հետևյալ սկզբունքները.
·       ավագ դպրոցում հիմնական դպրոցի համեմատ աշխատավարձերի հաշվարկման տարբերակված մոտեցում (մանկավարժական անձնակազմի աշխատավարձերի առնվազն 20%-ով ավելի բարձր մակարդակի ապահովում),
·       դպրոցի գործունեության համար անհրաժեշտ նվազագույն կարիքների բավարար ֆինանսավորում,
·       դպրոցի գործունեության արդյունավետության բարձրացման խթանող տարրերի ներմուծում:
Նորաստեղծ ավագ դպրոցների հիմնադրման ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից կկատարվեն ներդրումային ծախսեր` հիմնանորոգման, գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով: Ավագ դպրոցի հիմնադրումից հետո ենթադրվելու է հիմնականում միայն ընթացիկ ֆինանսավորում: Կարող են առաջ գալ դպրոցների կապիտալ միջոցների բարելավման նոր որակական պահանջներ:
Ավագ դպրոցներում կրթության բարձր որակ ապահովելու նպատակով նախատեսվում է դրանցում ստեղծել ժամանակակից ռեսուրս կենտրոններ` գրադարաններ, համալրված էլեկտրոնային և տպագրական   ժամանակակից ուսումնական նյութերով և այլն:
Դպրոցի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ ՖԷ և ԿԳ նախարարությունների կողմից հանրակրթության ֆինանսավորման համար համատեղ հրամանով հաստատված ընթացակարգով:
 
8.     ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
 
Առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ձևավորումը պետք է սկսվի փորձնական ծրագրով: Այն կսկսվի 2008 թվականի ապրիլի 1-ից։ Այս փուլում մի քանի մարզերում գործող դպրոցներից կընտրվեն մոտ 30 փորձնական դպրոցներ, որոնք 2008 թվականից կվերակազմավորվեն ավագ դպրոցների։ 2007-2008 ուսումնական տարվա ընթացքում ընտրված դպրոցները կհամալրվեն անհրաժեշտ ուսումնական նյութերով և սարքավորումներով, կմշակվի աշակերտների և մանկավարժների վերաբաշխման մեխանիզմերը, կընտրվեն ապագա դպրոցի մանկավարժները և կկազմակերպվի նրանց որակավորման բարձրացման դասընթացներ: Փորձնական դպրոցների աշակերտական համակազմի համալրումը և հավաքագրումն կընթանա ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ընթացակարգերով:
 2008 թվականի սեպտեմբերի 1-ից այս դպրոցները կսկսեն գործել որպես փորձնական ավագ դպրոցներ:
2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, կառավարության որոշումով կհաստատվեն առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկը և այդ աշխատանքների ժամանակացույցը։
Ծրագրի ողջ ընթացքում կիրականացվի ծրագրի վերահսկում և գնահատում: Այնուհետև, փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա կմշակվեն առաջարկություններ և դիտողություններ` ավագ դպրոցների համակարգի ներդրման ուղղությամբ:
 
9. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ
 
Առանձին գործող ավագ դպրոցի ձևավորման գործընթացում հնարավոր են ռիսկային գործոններ, որոնք տարբերվում են ինչպես բնույթով, այնպես էլ առաջացման պատճառներով։
 
Ավագ դպրոցի համակարգի ստեղծման հնարավոր ռիսկերն են.

Ռիսկեր
Ռիսկերի նվազեցում
Հանրակրթության կառուցվածքային փոփոխությունը հասարակության կողմից ոչ միարժեք ընդունումը, ինչը կարող է առաջանալ համապատասխան լուսաբանման աշխատանքների բացակայության պատճառով:
Անհրաժեշտ է ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում կազմակերպել լայնածավալ լուսաբանում և հանրային քննարկումներ:
Ոչ բոլոր բնակավայրերում նոր կազմավորվող ավագ դպրոցների առկայությունը կարող է նպաստել սովորողների ընդգրկվածության նվազմանը: Որոշ սովորողներ ցանկություն չունենալով կրթությունը շարունակել ավագ դպրոցում կամ զբաղվեն ինքնուսուցմամբ և միջնակարգ կրթության ատեստատ փորձեն ստանալ դրսեկության եղանակով:
Անհրաժեշտ Է վերանայել դրսեկության եղանակով միջնակարգ կրթություն ստանալու կարգը:
Ավագ դրպոցների համակարգի ստեղծումը կառաջացնի կադրերի վերաբաշխման անհրաժեշտություն, ինչը կարող է հանգեցնել որակյալ կադրերի անբավարության:
Անհրաժեշտ կլինի դպրոցների վերակազմակերպման ընթացքում հստակ մշակել նաև մանկավարժների վերաբաշխման մեխանիզմներ: Մանկավարժական և վարչական կադրերի կրճատման անհրաժեշտության առաջացման դեպքերում հարկ կլինի նաև մշակել սոցիալական լարվածության թուլացման մեխանիզմներ
Փորձնական ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների մանկավարժական որակյալ կադրերով ապահովման անհրաժեշտությունը կառաջացնի մանկավարժական կադրերի ժամանակին վերապատրաստում
Անհրաժեշտ է մշակել մանկավարժների վերապատրաստումների հստակ ժամանակացույց:

 
Ավագ դպրոցի առարկայացանկի տարբերակ
 
Աղյուսակ 2

ՈՒսումնական բնագավառներ
Հոսքային ծրագրեր
Հանրակրթական ծրագրեր
Լրացուցիչ
ծրագրեր
Հայոց լեզու, գրականություն
Հայոց լեզու և գրականություն 1
Հայոց լեզու և գրականություն 2
Արտասահմանյան գրականություն
 
 
 
Հռետորական արվեստ
 
 
 
 
Օտար լեզուներ
Օտար լեզու A 1
Օտար լեզու A 2
Օտար լեզու C
 
Օտար լեզու B 1
Օտար լեզու B 2
 
 
 
Բանավոր հաղորդակցում
 
 
 
Գրավոր խոսք
 
 
 
Ընթերցանություն
 
 
 
 
 
Մաթեմատիկա
Մաթեմատիկա 1
Մաթեմատիկա 2
 
 
 
Տրամաբանություն
 
 
 
 
 
Ինֆորմատիկա և ՏՀՏ
 
Ինֆորմատիկա և ՏՀՏ A
 
 
 
Ինֆորմատիկա և ՏՀՏ B
 
 
 
Ծրագրային փաթեթներ
 
 
 
 
 
Բնական գիտություններ
Ֆիզիկա 1
Ֆիզիկա 2
Աստղագիտություն
 
Քիմիա 1
Քիմիա 2
 
 
Կենսաբանություն 1
Կենսաբանություն 2
 
 
 
Բնագիտություն
 
 
 
Բնապահպանություն
 
 
 
 
 
Հասարակական գիտություններ
Պատմություն 1
Ընդհանուր պատմություն 2
 
 
Հայոց պատմություն 1
Հայոց պատմություն 2
 
 
 
Աշխարհագրություն 2
Աշխարհագրություն 3
 
 
Հասարակագիտու-թյուն
Փիլիսոփայության հիմունքներ
 
 
 
Քաղաքագիտություն
 
 
 
Տնտեսագիտություն
 
 
 
Հոգեբանություն
 
 
 
Բարոյագիտություն
 
 
 
 
Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսա-գործունեություն
 
Ֆիզկուլտուրա,
ՆԶՊ
Սպորտային խմբակ
Արվեստ
 
 
Արվեստի պատմություն
Տեխնոլոգիա
 
 
Կենցաղային տեխնիկա

 
Ավագ դպրոցի բնագիտական հոսքի օրինակելի ուսումնական պլանի ուրվագիծ
 
Աղյուսակ 3
 

ՈՒս. բնագավառ
Առարկա
Դասարան
X
XI
XII
Հայոց լեզու, գրակ.
Հ. լեզու և գրակ.1
3
5
8
 
Հ. լեզու և գրակ.2
2
2
2
Օտար լեզուներ
Օտար լեզու A 1
3
5
8
 
Օտար լեզու A 2
2
2
2
 
Օտար լեզու B 1
3
5
8
 
Օտար լեզու B 2
2
2
2
 
Օտար լեզու C
2
2
2
Մաթեմատիկա
Մաթեմատիկա 1
3
5
8
 
Մաթեմատիկա 2
2
2
2
 
Տրամաբանություն
1
1
1
Ինֆորմատիկա և ՏՀՏ
Ինֆորմատիկա և ՏՀՏ
2
2
2
 
Ծրագրային փաթեթներ
2
2
2
Բնական գիտություններ
Ֆիզիկա 1
3
5
8
 
Ֆիզիկա 2
2
2
 
 
Աստղագիտություն
1
1
 
 
Քիմիա 1
3
5
8
 
Քիմիա 2
2
2
 
 
Կենսաբանություն 1
3
5
8
 
Կենսաբանություն 2
2
2
 
 
Բնագիտություն
2
2
2
 
Բնապահպանություն
1
1
1
Հասարակական գիտություններ
Պատմություն 2
2
2
2
Հայոց պատմություն 2
2
2
2
 
Աշխարհագրություն 1
3
5
8
 
Աշխարհագրություն 2
2
2
2
 
Հասարակագիտություն
2
2
2
 
Տնտեսագիտություն
1
1
1
Ֆիզկուլտուրա, ՆԶՊ
Ֆիզկուլտուրա
2
2
2
 
ՆԶՊ
1
1
1
Արվեստ
Արվեստի պատմություն
1
1
1
Տեխնոլոգիա
Կենցաղային տեխնիկա
2
2
2

 
Սովորողը պետք է ընտրի 3 հոսքային առարկա և մյուս ուսումնական բնագավառներից առնվազն 1-ական առարկա` այնպես, որ դրանց շաբաթական գումարային դասաժամերը կազմեն 30 ժամ, ինչպես նաև ևս 4 ժամ ծավալով կարող է ընտրել լրացուցիչ դասընթացներ:
 


        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին