ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Նախագահի հրամանագրեր
ՀՀ օրենքներ
Որոշումներ
  Հրամաններ
Միջազգային փաստաթղթեր
Հուշագրեր
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2014
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /21 փետրվարի 2007թվականի N88-Ն/
  



Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերը
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1.       Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգը /համաձայն հավելվածի/:
2.       Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 40-Ն հրամանը:
3.       Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:  
4.       Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ          Բ. Եսայանին:
 
 
 
Նախարար`                                                                       Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
 

 Հավելված
ՀՀ  Կրթության  և  գիտության
նախարարի
2007թ հրամանի


Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի ապրիլի 14-ի  N 14 արձանագրային որոշման 10-րդ կետով հասստատված «Սովորողների  գնահատման հայեցակարգի» 4-րդ գլխի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:  
2.Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: 

2. ԱՇԱԿԵՐՏԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ 

3.Առաջին դասարանում բոլոր աշակերտները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:                                   
4.2-րդ, 4-7-րդ և 9-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական
5.3-րդ դասարանի /տարրական դպրոցի ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:
6.8-րդ դասարանի /հիմնական դպրոցի ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող աշակերտները ստանում են հիմնական /ութամյա/ կրթության ավարտական վկայական:
7.10-րդ դասարանի /միջնակարգ դպրոցի ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում գնահատական նշանակելու համար:
8.2-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական, ինչպես նաև գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող աշակերտների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով: VIII և X դասարանների տարեկան կամ քննական մեկ առարկայից  անբավարար գնահատական ունեցող աշակերտներին թույլատրվում է այդ առարկայից վերաքննություն հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:
Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-9-րդ դասարանների աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Աշակերտին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումների մասին աշակերտի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
«Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը», «Հանրահաշիվը» և «Երկրաչափությունը», «Հայոց պատմությունը» և «Պատմությունը», «Հայաստանի աշխարհագրությունը» և «Աշխարհագրությունը» համարվում են առանձին առարկաներ:
9.  2-րդ, 4-7-րդ և 9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
3-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող աշակերտներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:
3-րդ դասարանի այդ աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
10.16 տարին չլրացած 8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
16 տարին լրացած, մինչև 18տարեկան  8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:
18 տարին լրացած այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
11.10-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
8-րդ և 10-րդ դասարաններում հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած աշակերտներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի, նույն հաստատությունում կրկին քննություններ հանձնել այն առարկաներից, որոնցից ունեն տարեկան կամ քննական անբավարար գնահատական:
Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում` նախարարության  գիտությամբ:
Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականներ:
12.1-7-րդ և 9-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն և «լավ» վարք ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով:
8-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած և «լավ» վարք ունեցող սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:
10-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով և «լավ» վարքով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 29 և 30 կետերի պահանջների:
13.Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով աշակերտի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով աշակերտի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:
14.Բոլոր դասարաններում աշակերտները գնահատվում են վարքից: Սահմանվում են վարքի հետևյալ գնահատականներ` «լավ», «բավարար», «անբավարար»: Վարքի գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով դասավանդող ուսուցիչների կարծիքը: Վարքից անբավարար գնահատական ունեցող աշակերտի դպրոցից հեռացման հարցը որոշում է մանկավարժական խորհուրդը` աշակերտի ծնողի /կամ նրա օրինական ներկայացուցչի/ ներկայությամբ:
Ուսումնական տարվա ընթացքում, մինչև 1-ը մայիսի, հիմնական դպրոցում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած աշակերտները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկաներից հանձնում են քննություններ: Ավագ դպրոցում ուսումնական տարվա ընթացքում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած աշակերտները դուրս են մնում դպրոցից, մնացած դեպքերում նույն չափաքանակով բացակայածները քննություներ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական դպրոցի աշակերտները: Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում: Քննություններն անց են կացվում մայիսի 15-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր: Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները` հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը: Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն աշակերտները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:

3.ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

15.3-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, դպրոցի տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ը ժամանակահատվածում:
3-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:
Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ քննություններ անց են կացվում նաև դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
16.8-րդ դասարանում քննություններն անց են կացվում «Հայոց լեզու, գրականություն»-ից, մաթեմատիկայից, հայոց պատմությունից, օտար լեզվից /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` աշակերտի ընտրությամբ/, բնագիտությունից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` աշակերտի ընտրությամբ), ֆիզիկական կուլտուրայից:
Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ «Հայոց լեզու, գրականություն»-ից, մաթեմատիկայից, ռուսաց լեզվից, հայոց պատմությունից, բնագիտությունից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` աշակերտի ընտրությամբ), ֆիզիկական կուլտուրայից:
8-րդ դասարանում գրավոր աշխատանքները կատարելու համար քննվողներին  տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված տետր:
Քննություններն անց են կացվում, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-20-ը  ժամանակահատվածում:
8-րդ դասարանում բոլոր քննությունները /բացառությամբ ֆիզիկական կուլտուրայից/ անց են կացվում գրավոր:
8-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են դպրոցներում` նախարարության գնահատման և թեստավորման  կենտրոնի /այսուհետ` ԳԹԿ/ կազմած թեստերով: Քննություններն ընդունվում են դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված  հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից  առնվազն  մեկը  տվյալ առարկայի   մասնագետ/:
17. 10-րդ  դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`
ա/ «Հայոց լեզու, գրականություն» - գրավոր,
բ/ «Մաթեմատիկա» - գրավոր,
գ/ «Հայոց պատմություն» - բանավոր,
դ/ «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր,
ե/ ընտրովի /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն` աշակերտի  ընտրությամբ/ - գրավոր
զ/ «Ֆիզիկական կուլտուրա»:
Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սահմանվում է ևս մեկ  ավարտական քննություն «Ռուս գրականություն» առարկայից - բանավոր:
Գրավոր քննություններն անց են կացվում, նախարարության սահմանած միասնական օրերին: Բանավոր քննություններն անց են կացվում դպրոցի սահմանած օրերին` հունիսի 1-20-ը ժամանակահատվածում:
Պետական ավարտական քննությունները, բացառությամբ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի  երկու անդամներ   /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:
18.10-րդ դասարանի համար մաթեմատիկայի /գնահատումը 20 բալանոց համակարգով/,  քննական առաջադրանքները կազմվում են նախարարության կողմից և հաղորդվում ռադիոյով` քննությունը սկսելուց 30 րոպե առաջ /այդ ընթացքում աշակերտները և քննական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն քննասենյակում/:
10-րդ դասարանի համար «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննական առաջադրանքները /գնահատումը 20 բալանոց համակարգով/ կազմվում են ԳԹԿ-ի կողմից: Քննական առաջադրանքների  ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում:
10-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների գրավոր քննությունները /գնահատումը 20 բալանոց համակարգով/ անց են կացվում նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:
Ռուսերենով ուսուցմամբ 3-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների ռուսաց լեզվի և ռուս գրականության քննական առաջադրանքները /գնահատումը 5 բալանոց համակարգով/ կազմում են դպրոցների մեթոդմիավարումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:
19. Աշակերտներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:
20.10-րդ դասարանում գրավոր աշխատանքները /բացի «Հայոց լեզու, գրականություն» առարկայից/ կատարելու և բանավոր պատասխաններին պատրաստվելու համար քննվողներին  տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված տետր /թուղթ/:
21. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն այն հանձնում են անավարտ վիճակում:
22.Քննական աշխատանքների ստուգումը /բացի 10-րդ դասարանի «Հայոց լեզու, գրականություն» առարկայից/ ավարտվում է քննության օրը: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
23. Աշակերտի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում` 3-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 8-րդ և 10-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը: Նշանակված գնահատականի հետ չհամաձայնած հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրությունում կարող է /են/ կատարել հատուկ նշում:
24.Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած աշակերտներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:
25.Մինչև նշված ժամկետը չապաքինված աշակերտները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը: Քննությունների նոր առաջադրանքները կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը սահմանում են դպրոցները:
26.10-րդ դասարանի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննությանը /ավարտական կամ միասնական/ չմասնակցած կամ անբավարար գնահատական ստացած աշակերտը հետագայում քննությունը հանձնում է իր դպրոցում ԳԹԿ-ի թեստերով: 
8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ կամ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են «Մաթեմատիկայի» քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում աշակերտը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:
27.8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր և′ «Հանրահաշիվ», և′ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն թույլատրվում մասնակցելու «Մաթեմատիկայի» քննությանը: Նրանք օգոստոսին ամառային առաջադրանք են հանձնում «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև քննություն մաթեմատիկայից:
28.Գնահատման 20 միավորանոց համակարգում` մինչև 7 միավորը ներառյալ և 5 միավորանոց համակարգում` մինչև 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատականներ:
Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները վկայականում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:
29.Եթե 10-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզու ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, ապա ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում  գրվում է. «չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու, գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից և ատեստատի համապատասխան տողում  գրվում է «ազատված է»:
30.Ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
31.Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները առաջնորդվում են սույն կարգով` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:

4.ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

32.Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ, /ստացել են գերազանցության վկայական/, 9-րդ և 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:
33.Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:
34.Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:
Մինչև մայիսի 1-ը համապատասխան վարչությունները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն:
Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:
Նախարարությունը` մինչև մայիսի 25-ը մարզպետարաններ /Երևանի քաղաքապետարան/ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները /ներառյալ նախարարության ենթակայության դպրոցների մեդալի հավակնորդ շրջանավարտները/:
35.Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անց են կացվում ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:

5.ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

36.Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/ կենտրոնացված կարգով հանձնում են պետական քննություններ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/.
Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու, գրականություն»   առարկան  բուհ  ընդունվելիս   համարվում է մրցութային `  քննություն են   հանձնում  միասնական  համակարգով,  իսկ  ոչ մրցութային համարվելու դեպքում` կենտրոնացված համակարգով /քննական  բալերը հաշվարկվում են «Ա» մակարդակի  առաջադրանքների հիման վրա/: Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները «մաթեմատիկա» առարկայի քննությունը հանձնում են կենտրոնացված համակարգով:
Քննություններն  անց են կացվում.   
  «Հայոց լեզու,գրականություն» առարկայից – հունիսի 1-ին,
  «Մաթեմատիկա» առարկայից – հունիսի 4ին, մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից նախօրոք որոշված հաստատությունում:
Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ ստեղծվում է  հանձնաժողով:
Քննությունների ընթացքը վերահսկում են նախարարության ներկայացուցիչները:
Նրանք  քննություններն ավարտելուց հետո  հանձնաժողովի նախագահից ստանում են զեթավորված, չստուգված,  բոլոր էջերի վրա ստորագրված գրավոր աշխատանքները և դրանք հանձնում են առարկայական հանձնաժողովին:
Մաթեմատիկայի քննության համար մեդալի հավակնորդ շրջանավարտին նախարարության կողմից տրվում է հատուկ նմուշի ծածկագրված տետր:
Մաթեմատիկայի քննական աշխատանքները ստուգվում են քննության օրը` կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից,  արդյունքները հրապարակվում են ամենաուշը քննության հաջորդ օրը` մինչև ժամը 18:00-ն:  
37.»Հայոց պատմություն», «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, ֆիզիկական կուլտուրա առարկաներից ավարտական պետական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:
Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:
38.Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:
39.Մինչև հունիսի 25-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք, հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից, մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում և մինչև հուլիսի 28-ը ներկայացվում է նախարարության հանրակրթության վարչություն:
Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նման տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

6.ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

40.ա/ Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ 5 միավոր /5 միավորային համակարգում/` պարգևատրվում են մեդալով:
  բ/ Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:
7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. 2006-2007 ուստարում 8-րդ դասարանի ավարտական քննությունները անցկացվում են
հետևյալ կարգով.
ա/«Հայոց լեզու, գրականություն»-ից - գրավոր /փոխադրություն/
«Մաթեմատիկա»-ից - գրավոր
«Հայոց պատմություն»-ից - բանավոր
«Բնագիտություն»-ից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ աշխարհագրություն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր
«Օտար լեզու»-ից /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր
«Ֆիզիկական կուլտուրա»-ից
 բ/ քննությունները կազմակերպվում են ԳԹԿ-ի կազմած թեքստերով և տոմսերով: 



        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին